Ադրբեջանը գտնում է հայերի համար ցավոտ կետերը եւ դրանց վրա ճնշում գործադրում. քաղաքագետ
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրված է եւ կատարվում է: Մեծ հաշվով, այս իմաստով հազիվ թե հնարավոր լինեն լուրջ փոփոխություններ, չնայած մանր առաջխաղացումները հնարավոր են: Այս մասին փետրվարի 27-ին մամուլի ասուլիսում ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը գտնում է հայերի համար ցավոտ կետերը եւ դրանց վրա ճնշում գործադրում: Քաղաքագետը դրանց թվում նշեց գերիների հարցը, որոնք Ադրբեջանին հարկավոր չեն, եւ որոշ տարածքներ, որոնք նույնպես նրան հարկավոր չեն: Հետագա գործողությունների առնչությամբ քաղաքագետը չբացառեց Մինսկի խմբի ձեւաչափի պաշտոնական տեսքով վերակենդանացման փորձը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարկարովն արձանագրեց, որ իշխանությունների համար խնդիրը երկակի է: «Մի կողմից փորձում է արտաքին խաղացողների համար ապահովել հայտարարության որոշման կատարումը: Մյուս կողմից՝ երկրի ներսում նվազեցնել իր հեղինակությանը հասցվող վնասը»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր համատեքստը զգալիորեն փոխվել է:
Նա նաեւ անդրադարձավ Ադրբեջանի վերահսկողությանն անարդարացիորեն անցած Արցախի տարածքներին՝ հիշեցնելով, որ Արցախում պատրաստվում են քննարկել այդ տարածքների կարգավիճակի հարցը: Մինսկի խումբը շարունակում է մնալ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափը: Բայց ինչի՞ է նա հասել: Նախկին «կարմիր գծերը» կրճատվել են, ըստ էության՝ մնացել է միայն կարգավիճակի հարցը: Հիմա փորձ է ձեռնարկվում գծել նորերը՝ շեշտադրում կատարելով ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա, նշեց Ալեքսանդր Մարկարովը: