Փոխվել է Հանրապետության հրապարակի որակը․ հիմա կորիզը ավագ սերնդի մարդիկ են, որոնք եկել էին «նախկիններին պատժելու» պահանջով, իսկ 2018 թ․ նույն հրապարակի «աուրան» պայծառ երիտասարդներն էին. «Առավոտ»
«․․․ Իմ զրուցակիցներին ավելի քիչ է հետաքրքրում վերջին պատերազմում կրած դաժան պարտությունը, նրանց հուզում է՝ կմնա՞ Փաշինյանն իր աթոռին, թե՞ ոչ: Այսինքն՝ «բա Սերժի վախտ…», «բա որ նախկինները թալանում էին…» քարոզչական փաստարկն այնքան զորեղ է (օբյեկտիվ պատճառներով), որ դրա առջև «խամրում է» այն աղետը, որը պատահել է մեր երկրի ներկա իշխանությունների օրոք և նրանց մեղքով:
Ըստ Marketing Professional Group ընկերության հարցման՝ Հայաստանում հարցվածների 38,8 տոկոսը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի գլխավորել կառավարությունը։ 43,6 տոկոսը համարում է, որ նա պետք է հրաժարական տա։ Անկեղծորեն խոստովանեմ, որ փողոցում ինձ խոսեցնում են մարդիկ, որոնք մտնում են 38,8 տոկոսի մեջ և առաջնորդվում են տաքսիստի վերոհիշյալ տրամաբանությամբ:
Բայց մի քանի անգամ գրել եմ՝ ես որակն ավելի եմ կարևորում, քան քանակը: Եվ այդ առումով հատկանշական էր հինգշաբթի օրը Փաշինյանին աջակցողների հանրահավաքը: Ըստ իշխանամետ հ/կ-ներից մեկի հաշվարկների՝ Հանրապետության հրապարակում հավաքվել էր մոտ 10 հազար հոգի: Թող այդպես լինի: Իսկ ո՞ր շերտն էր կազմում հանրահավաքի կորիզը` մարզպետները, չինովնիկները, պատգամավորները և շահագրգռված այլ անձինք հաշիվ չեն:
Կորիզը կազմում էին հիմնականում իմ սերնդի մարդիկ, որոնք եկել էին «նախկիններին պատժելու» ու «թավիշին վերջ տալու» պահանջով: Իսկ հիմա հիշեք, թե ովքեր էին 2018 թվականի գարնանը ստեղծում նույն հրապարակի «աուրան»՝ պայծառ երիտասարդները (նաև իմ հարազատները), որոնք ոգևորված էին նոր Հայաստան կերտելու հեռանկարով: Նրանց զգալի մասը կա՛մ անտարբեր են դարձել, կա՛մ էլ ավելի վատ՝ ֆեյսբուքում կոչ են անում վարչապետին հեռանալ (դարձյալ՝ եթե գրական ձևակերպենք): Բոլորի կարծիքը կարևոր է՝ և՛ տաքսիստի, և՛ չանչեր ցույց տվող տատիկի, և՛ հիասթափված երիտասարդի: Բայց ավելի կարևոր է, որ նրանք ապրեն Հայաստանում, ապրեն կողք կողքի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: