Նավալնու պատճառով Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները կարող են ուժի մեջ մտնել մարտի 2-ին. լրատվամիջոց
Հայտնի ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնուն ազատազրկելու պատճառով Եվրամիության նախատեսած նոր պատժամիջոցները, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնեն արդեն եկող շաբաթվա սկզբին, հայտնում է DW-ն:
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն արդեն մարտի 1-ին կարող է հավանություն տալ պատժամիջոցների սահմանման մասին Եվրոպական խորհրդի որոշումը ընդունելու գրավոր ընթացակարգի գործարկմանը, իսկ մարտի 2-ին համաձայնեցված միջոցառումները կհրապարակվեն Եվրամիության պաշտոնական ամսագրում եւ ուժի մեջ կմտնեն, փետրվարի 26-ին հայտնել էր dpa գործակալությունը՝ վկայակոչելով Բրյուսելում աղբյուրներին:
Ամենայն հավանականությամբ, պատժամիջոցները կտարածվեն Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի, Պատիժների կատարման դաշնային ծառայության պետ Ալեքսանդր Կալաշնիկովի եւ Ռոսգվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովի վրա: Տուգանքի միջոցառումներ մտցնելու համար առաջին անգամ գործարկվելու է նոր, անցած տարվա վերջին ընդունված պատժամիջոցային մեխանիզմը, որը Եվրամիությանը թույլ է տալիս մուտքի արգելքներ սահմանել եւ սառեցնել առանձին անձանց ունեցվածքը, որոնք մեղավոր են մարդու իրավունքների կոպիտ խախտման մեջ կամ դրանից օգուտ են ստացել:
Փետրվարի սկզբին Մոսկվայում Ալեքսեյ Նավալնին ազատազրկման էր դատապարտվել «Իվ Ռոշե» գործով պայմանական պատժի պահանջների բազմակի խախտման մեղադրանքով: Եվրամիությունն այդ մեղադրանքները չհիմնավորված է համարում, քանի որ Նավալնին երկար ամիսներ բուժվել է Գերմանիայում եւ հաշվառման համար ոստիկանություն ներկայանալու հնարավորություն չուներ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Նավալնուն ազատելու որոշում էր կայացրել, սակայն Ռուսաստանն այն անտեսել էր: