Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն փետրվարի 26-ին հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնար Քուշների գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Բեռնար Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով եւ այցելել է նաեւ Արցախ:
Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այս բարդ օրերին Հայաստան եւ Արցախ այցելելու եւ հայ ժողովրդի կողքին գտնվելու համար: «Իրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում»,-ասել է նախագահը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի կողմից աջակցության ջանքերը:
Բեռնար Քուշները Հանրապետության նախագահին տեղեկություններ է ներկայացրել Արցախ կատարած այցի, իր տպավորությունների, ինչպես նաեւ իրականացվող մարդասիրական նախագծերին օժանդակելու մտադրության մասին: