Անհետաձգելի գործեր ունեի. ինչու ԿԳՄՍ նախարարը չի մասնակցել Փաշինյանի հանրահավաքին
Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ աշխատանք կատարող պաշտոնյա պետք է զբաղվի իր գործով՝ այն գործով, որի համար ինքը պատասխանատու է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով ԶՈՒ ԳՇ հայտարարությանը, որով Զինված ուժերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։
«Զինվորականները պետք է մեր սահմանները և մեր երկրի անվտանգությունը պահպանեն։ Կարելի է անհամաձայն լինել որպես անձ այս կամ այն որոշման հետ։ Որևիցե մեկս ամրագրված չենք մեր պաշտոնին, բոլորս ազատ ենք անձնական որոշումներ կայացնելիս։ Բայց, գտնվելով որոշակի պաշտոնում, դուք պարտավոր եք կատարել այդ պաշտոնում ձեր առաքելությունը։ Այս երևույթը նոր չէ։ Արցախյան առաջին պատերազմում կային նման քաղաքական գործիչներ, որոնք անընդմեջ ասում էին, որ հոսանքը հատուկ հողանցում է արվում օրվա իշխանությունների կողմից, որպեսզի ժողովրդին հոսանք չգնա։ Դա դեմ էր ֆիզիկայի օրենքներին, անհնար բան էր, բայց մարդիկ ասում էին, և կային մարդիկ, որոնք հավատում էին և նույնիսկ հիմա կան նման մարդիկ, որոնք իներցիայով նույն կերպ են մտածում»,- նշեց Դումանյանը։
Հարցին, թե նախարարն ինչու ներկա չի եղել երեկվա հանրահավաքին, Դումանյանը պատասխանեց, որ աշխատում էր․ «Անհետաձգելի գործեր ունեի»։