Գիտնականները քաղցկեղի` «սուպեր զինվորների» օգնությամբ բուժման նոր մոտեցում են գտել
Լեյկոցիտներից «սուպեր զինվորների» ստեղծումը կարող է օգնել քաղցկեղի դեմ պայքարում, պարզել են Կանադայի Princess Margaret հիմնադրամի հետազոտողները:
Հետազոտության մեջ, որը հրապարակվել է Molecular Cell ամսագրում, նկարագրվում է ԴՆԹ մոդիֆիկացնող էպիգենետիկ թերապիան, որը փոխակերպում է իմունային T բջիջները` ակտիվացնելով քաղցկեղի բջիջները սպանելու դրանց կարողությունը, հայտնում է Ria.ru-ն:
«Մեր նպատակն է օգտագործել այս ռազմավարությունը իմունոթերապիայի այլ տեսակների հետ միասին` հակաուռուցքային իմունիտետի բարձրացման համար»,- ասել է Տորոնտոյի համալսարանի բժշկական կենսաֆիզիկայի ամբիոնի դոցենտ Դե Կարվալյուն:
Հետազոտության արդյունքները կարող են օգնել բարձրացնել իմունոթերապիայի արդյունավետությունը, որն այսօր ոչ բոլորի համար է արդյունավետ:
«Մենք պատկերացնում ենք ապագա կլինիկական փորձարկումը, որում հավաքում ենք հիվանդի T-բջիջները... Ապա դրանք կարելի է ներարկել հիվանդին` ուռուցքին ներկառուցված իմունային պատասխանը բարձրացնելու համար»,- ասել է մասնագետը:
Հետազոտական հիմնական նորամուծությունն էպիգենետիկ թերապիայի օգտագործումն է T բջիջների գեները թիրախավորելու համար: Սակայն հետազոտության մեջ դիտարկվում է նաեւ պաշտպանական բջիջների արձագանքը, ինչը կարող է օգնել բարձրացնել մարդու իմունային համակարգի հակաուռուցքային ակտիվությունը: