ՀՀ զինված ուժերը քաղաքականությամբ չի զբաղվում, նրանք հայտնել են դիրքորոշում, որը բխում է Հայաստանի շահերից. Գեղամ Մանուկյան
Մենք չենք խոսել Օնիկ Գասպարյանի հետ, քանի որ նա քաղաքականության հետ որևէ առնչություն չունի, բայց մենք նրան և բանակին սատարում ենք: Այս մասին Բաղրամյան պողոտայում իրականացվող ակցիայի ժամանակ ասել է ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը:
«Օնիկ Գասպարյանը զինվորական է, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, նա, բանակի հրամանատարական ողջ կազմը հանդես են եկել հայտարարությամբ, բայց նրանք քաղաքականությամբ չեն զբաղվում նրանք հայտնել են դիրքորոշում, որը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»,- ասաց նա։
Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ քաղաքացիները հանրահավաքի ժամանակ կտեղեկանան հետագա գործողությունների և քայլերի մասին և կկարողանան միանալ ակցիային: Նա նաև նշեց, որ իրենց գործողությունները բազմազան են և տարբեր, պարբերաբար ժողովրդին, քաղաքացիներին տեղեկացնում են իրենց գործողությունների մասին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկխոսություն չի լինելու, քանի որ կա միայն մեկ հարց:
«Հանրահավաքի ժամանակ առաջիկա գործողությունների մասին կհայտարարվի, ինչպես երեկ հայտարարվեց, որ այսօր հավաքվելու ենք Բաղրամյան պողոտայում և փակելու ենք այն 24-ժամյա ռեժիմով: Երբ կատվին անկյուն ես լարում, փորձեր է անում փրկվելու, մենք որևէ երկխոսություն Նիկոլի հետ չենք ունենալու, բոլոր ժամկետները սպառվել են և հիմա կա խոսելու մեկ օրակարգ՝ օր առաջ հեռանա»,- ասաց նա:
Գեղամ Մանուկյանը նաև հայտարարեց, որ եթե խորհրդարանական մեծամասնությունը շարունակի աշխատել նույն ռազմավարությամբ ժողովրդի համբերությունը մի օր կսպառվի:
«Խորհրդարանական մեծամասնությունը կարծում է, որ գործնագործ է խաղում և կարելի է ուղղակի փախուստ տալ և պարտականությունները չկատարել, պարգևավճարի դիմաց ոչինչ չանել և այդպես շարունակ համարել՝ ամեն ինչ նորմալ է, իսկ մի օր մարդկանց համբերությունը իսպառ վերանալու է»,- հավելեց Գեղամ Մանուկյանը:
Հիշեցնենք՝ այսօր ժամը 13:00-ին «Հանուն Հայրենիքի փրկության շարժումը» Բաղրամյան պողոտայում իրականացնելու է հանրահավաք՝ հաջակցություն բանակի երեկվա հայտարարությանը, որով պահանջվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: