ԱԺ նախագահը, ըստ էության, քաղաքական իմաստով գոյություն չունի․ Էդմոն Մարուքյան
Ժամը տասնմեկին նախատեսված խորհրդի նիստը չկայացավ, որովհետև ԱԺ նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և նշեց, որ սա համարում է անհարգալից վերաբերմունք երկու ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ։
«ԱԺ նախագահը, կարող եմ ասել, Սահմանադրությամբ երկրորդ պաշտոնյան է, կամ երրորդ, նա ըստ էության, գոյություն չունի՝ քաղաքական իմաստով, քաղաքացիական համերաշխությունը վերականգնելու իմաստով, բոլոր պատգամավորներն են այդպիսի երդում տվել, այդ թվում՝ նա։ Նա ոչ մի քայլ չի անում և, որքանով հասկանում եմ, չի կարող անել, որ ինչ–որ բան թուլանա»,–ասաց նա և նշեց, որ իրենք փորձում են քաղաքական պրոցեսները բերել քաղաքական ինստիտուտներ։
«Իշխանության բոլոր հայտարարությունները երեսպաշտություն են, որ եկեք, քննարկենք, կոնսուտլացիաներ անենք, մարդը անգամ չի գալիս նիստը բացում։ Իմ գնահատականը հետևյալն է․ Ազգային ժողովը չունի նախագահ»,–ասաց նա և նշեց, որ նախկինում նման բան չի եղել և գոնե ԱԺ փոխնախագահներն են եկել ու բացել նիստը։
Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ԱԺ նախագահը նպատակային է սա արել։ Ինչ վերաբերում է պարետային ժամ մտցնելու իշխանության նպատակադրության լուրերին, խմբակցության ղեկավարն ասաց․ «Ուզում եմ մի բան ասել, նաև թող Փաշինյանը լսի․ ՀՀ-ն դիկտատորական երկիր դառնալու ռեսուրս չունի, և ոչ էլ այս իշխանությունն է նման կամային հատկանիշներով օժտված, այնպես որ, մոռացեք, թող հայտարարի պարետային ժամ»,–ասաց նա։