«Ռուս դիվանագետները Հս. Կորեա-ՌԴ սահմանը հատելու համար ձեռնասայլ են նստել»․ ՌԴ ԱԳՆ
Մի խումբ ռուս դիվանագետներ և նրանց ընտանիքները Հյուսիսային Կորեայից դուրս գալու համար ձեռնասայլ են նստել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Պատճառը կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` երկրի արտաքին տեղաշարժի արգելափակումն է։ Հյուսիսային Կորեան առայժմ կորոնավիրուսով վարակման որևէ դեպքի մասին չի հաղորդել, այնուամենայնիվ պահպանում է համավարակի տարածման դեմ սահմանված արգելափակումները։
«Քանի որ ճանապարհներն ավելի քան մեկ տարի է փակ են և տեղաշարժը կանգ է առել՝ տուն հասնելը երկար ճանապարհորդության է վերածվել», – ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ և նշվել, որ 8 հոգանոց խումբը, որոնց թվում 3-ամյա երեխա է եղել, մայրաքաղաք Փհենյանից ՌԴ սահման է հասել, ընդհանուր առմամբ, 32 ժամ գնացքով և 2 ժամ ավտոբուսով ճանապարհ անցնելուց հետո։ Խումբը սահմանն անցել է ոտքով և ձեռնասայլ նստել. համապատասխան լուսանկարները տեղադրվել են նախարարության կայքում։
«Դեսպանության երրորդ քարտուղար Վլադիսլավ Սորոկինը ձեռնասայլի «շարժիչն» էր և հրել է այն ավելի քան 1 կմ՝ ներառյալ երկու երկրները բաժանող Թումեն գետի երկաթուղային կամուրջը», – ասված է նախարարության հայտարարության մեջ:
Ռուսաստանի Դաշնության սահմանն անցնելուց հետո խմբին դիմավորել է ՌԴ ԱԳՆ պատվիրակությունն ու ուղեկցել Վլադիվոստոկի օդանավակայան՝ Մոսկվա մեկնելու համար։