«ԱՄՆ-ն չպետք է թերագնահատի ՌԴ-ի կողմից սպառնացող վտանգը». ԿՀՎ ղեկավարի թեկնածուն խոստովանել է, որ ալեհեր է դարձել «Ռուսաստանի պատճառով»
Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի թեկնածու, Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Բըրնսը խոստովանել է, որ ալեհեր է դարձել Ռուսաստանի պատճառով, հայտնում է USA Today-ը:
Վերջինիս խոսքով՝ իր մոխրագույն մազերի մեծ մասն առաջացել է Ռուսաստանի պատճառով: Նա նախազգուշացրել է, որ «ԱՄՆ-ն չպետք է թերագնահատի Ռուսաստանի կողմից սպառնացող վտանգը»:
Ավելի ուշ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել էր Բըրնսի այս մեկնաբանությունը: Նա մանրամասնել էր, որ «այնքան էլ լավ չի տիրապետում գերոնտոլոգիային (գիտություն, որն ուսումնասիրում է մարդու ծերացման կենսաբանական, սոցիալական և հոգեբանական ասպեկտները,-խմբ.)», ուստի կնախընտրեր զերծ մնալ որևէ մեկնաբանություն անելուց: Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել էր, որ Բըրնսն իր պաշտոնավարման օրոք հմտորեն ղեկավարել է դեսպանատունը և լավ հասկացել է Ռուսաստանին: