Ճապոնիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի ավիահարվածներից հետո հետևում են Սիրիայում իրադարձությունների զարգացմանը
Միացյալ Նահանգների կողմից Սիրիայում իրականացված ավիահարվածներից հետո Ճապոնիայի կառավարությունն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ամբողջական տեղեկատվություն չունենք, այդ թվում՝ վնասի մասին, բայց ուշադիր հետևում ենք ինչպես այս կոնկրետ միջադեպի, այնպես էլ ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքի իրադրության հետ կապված իրավիճակին»,- մեկնաբանել է նա լրագրողների՝ ամերիկյան զինուժի կողմից Սիրիայում իրանամետ խմբավորումների կողմից օգտագործվող ենթակառուցվածքներին ավիահարվածներ հասցնելու մասին հարցը։
Մոտեգին նաև ընդգծել է, որ ճապոնական կողմը տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար կշարունակի սերտ համագործակցությունը բոլոր ներգրավված կողմերի հետ։
Ավելի վաղ Պենտագոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարի օգնական Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով ամերիկյան զինուժը ավիահարվածներ է հասցրել Սիրիայում իրանամետ խմբավորումների կողմից օգտագործվող ենթակառուցվածքներին։
«Ավիահարվածների արդյունքում քանդվել է մի քանի օբյեկտ, որոնք օգտավգործվել են իրանամետ մի շարք խմբավորումների, այդ թվում՝ «Քաթաիբ Հեզբոլլահ» և «Քաթաիբ Սաիդ ալ-Շուհուդա» խմբավորումների կողմից»,- ասել է Քիրբին:
ԱՄՆ-ն վստահ է, որ Սիրիայում ավիահարված են հասցվել հենց շիա ուղղվածության խմբավորման, որն ավելի վաղ հարձակում էր գործել Իրաքում, այդ թվում՝ ամերիկյան շահերի դեմ, իր հերթին հայտարարել էր ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
Հաղորդվում է, որ ավիահարվածը Իրաքի տարածքում ԱՄՆ-ի տարբեր օբյեկտներին հասցված հարվածների պատասխանն է եղել:
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել ավիահարված հասցնելուն:
Փետրվարի 22-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի «կանաչ գոտու», որտեղ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններն են տեղակայված, հրթիռային հարվածներ էին հասցվել: Տուժածներ չէին եղել:
Ավելի վաղ Իրաքյան Քուրդիստանի տարածքում՝ Էրբիլում, որտեղ ամերիկյան ռազմական բազան է տեղակայված, ևս հրթիռային հարվածների էր ենթարկվել: