Էստոնիայի հետախուզությունը նախազգուշացրել է Ուկրաինայի դեմ ՌԴ-ի հնարավոր հարձակման մասին
Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայությունը տարեկան զեկույց է հրապարակել, որում չի բացառվում Բելառուսի տարածքով ռուսական զորքերի հարձակումն Ուկրաինայի և Բալթյան երկրների վրա: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի էստոնական ծառայությունը` վկայակոչելով էստոնական հետախուզության ղեկավար Միկ Մարանին:
«Եթե Ռուսաստանը տեսնի, որ ցուցարարները մոտ են հաղթանակին, ապա մենք չենք կարող բացառել ռուսական ռազմական միջամտությունը, քանի որ Բելառուսի Հանրապետությունը ռազմավարական առումով չափազանց կարևոր է Ռուսաստանի համար»,-ասվում է զեկույցում:
Էստոնական հետախուզության համաձայն, 2020-ին քաղաքական ճգնաժամի արդյունքում Բելառուսը դարձել է Ռուսաստանի ռազմական օկրուգ, և այժմ այդ «բելառուսական ռազմական շրջանը» ուղիղ սպառնալիք է ներկայացնում ՆԱՏՕ-ի անդամ մերձավոր հարևանների համար:
Էստոնիայի հետախուզությունը կարծում է, որ Բելառուսի տարածքով Ռուսաստանի զորքերի կողմից Ուկրաինայի և Բալթյան երկրների վրա հարձակումը հնարավոր սպառնալիքից իրական է դառնում:
«Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը և տարածքը՝ Բելառուսը Ռուսաստանի համար անհրաժեշտ բուֆերային գոտի է և կատարում է իր առջև դրված խնդիրները արևմտյան ռազմավարական ուղղությամբ: Ճգնաժամի կամ պատերազմի ժամանակ Ռուսաստանը կարող է օգտագործել Բելառուսը որպես պլացդարմ և տեղակայել այնտեղ իր զորքերը՝ արգելափակելով ՆԱՏՕ-ի մուտքը Սուվալկի միջանցք, որն ապահովում է շարժումը հարևան երկրների օդային տարածքում և ցամաքային հաղորդակցության հաստատում Ռուսաստանի Կալինինգրադի երկրամասի հետ»,-կարծում են Էստոնիայում: