Իսրայելը սառեցրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերը արտերկիր ուղարկելու իր ծրագիրը
Իսրայելը սառեցրել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերը արտերկիր ուղարկելու իր ծրագիրը այն բանից հետո, երբ այդ նախաձեռնությունը իրավական քննության է ենթարկվել: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Բենի Հանցը, հայտնում է Reuters-ը:
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատության է ենթարկվել COVID-19-ի դեմ պատվաստանյութերը արտասահմանյան դաշնակիցներին փոխանցելու համար, մինչդեռ պաղեստինցիները Իսրայելից ավելի շատ պատվաստանյութեր են պահանջել:
Իսրայելական հանրային Kan հեռուստաընկերությունը, որն այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, թե Իսրայելը փոքր խմբաքանակներ կուղարկի 19 երկիր, հաղորդել է, որ գլխավոր դատախազը պարզաբանումներ է խնդրել ծրագրի վերաբերյալ:
«Ես ողջունում եմ այլ երկրներ պատվաստանյութերի փոխանցումը սառեցնելու որոշումը»,- գրել է Հանցը Twitter-ում:
Իսրայելն անցկացնում է COVID-19-ի դեմ պատվաստման ամենաարագ արշավը։ Երկրի բնակչության գրեթե կեսն արդեն ստացել է մեկ չափաբաժին: Առայժմ պաղեստինցիներին է փոխանցվել ընդամենը 2000 չափաբաժին՝ այն հիմնավորմամբ, որ նրանք պատասխանատու են առողջապահական իրենց սեփական համակարգի համար:
Իսրայելի դաշնակից Հոնդուրասը հինգշաբթի օրը Իսրայելից արդեն ստացել էր պատվաստանյութի 5000 չափաբաժին՝ նախքան ծրագրի սառեցումը: