«Շարունակում ենք դատապարտել միջազգային իրավունքի այս խախտումը». ԵՄ-ում հիշեցրել են, որ չեն ճանաչում Ղրիմի միացումը ՌԴ-ին
Եվրամիությունը հիշեցրել է, որ չի ճանաչում Ղրիմի և Սևաստոպոլի բռնակցումը Ռուսաստանին, և դա համարում է միջազգային իրավունքի խախտում:
Այս մասին ասված է միության անունից եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Եվրամիությունը կրկնում է, որ չի ճանաչում և շարունակում է դատապարտել միջազգային իրավունքի այս խախտումը: Սա շարունակում է ուղղակի մարտահրավեր մնալ միջազգային անվտանգությանը՝ միջազգային իրավական կարգի համար լուրջ հետևանքներով, որի համաձայն՝ պետությունների տարածքային ամբողջականությունը, միասնությունն ու ինքնիշխանությունը պետք է պահպանվեն», - ասված է հայտարարության մեջ:
ԵՄ-ում ընդգծել են նաև, որ միությունը հավատարիմ է մնում իր «չճանաչման դիրքորոշմանը»:
«ԵՄ-ն հիշեցնում է անօրինական բռնակցման բացասական հետևանքները տարածաշրջանային կայունության համար: ԵՄ-ն ողջունում է դիվանագիտական ջանքերը՝ ուղղված Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնմանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - ասվում է փաստաթղթում:
Հիշեցնենք՝ 2014-ի մարտին այնտեղ անցկացված հանրաքվեից հետո Ղրիմն անցել էր Ռուսաստանի վերահսկողության տակ՝ ստանալով մարզի կարգավիճակ: Ղրիմի բնակիչների 96,77%-ը և Սևաստոպոլի բնակիչների 95,6% -ը կողմ էին արտահայտվել Ռուսաստանին միանալու գաղափարին:
2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած հեղաշրջումից հետո Ղրիմի իշխանությունները նոր հանրաքվե էին անցկացրել:
Ուկրաինան մինչ օրս Ղրիմը շարունակում է համարել «սեփական, բայց ժամանակավորապես գրավյալ տարածք»:
Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, լիովին համապատասխանելով միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, կողմ են քվեարկել Ռուսաստանի հետ վերամիավորմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»: