ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը պատմել է Զելենսկիի հետ «լավ հեռախոսազրույցի» մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Korrespondent–ը՝ հղում տալով Ստոլտենբերգի թվիթերյան հայտարարությանը:
«Լավ հեռախոսազրույց ենք ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ: ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու երկրի տարածքային ամբողջականությանը: Մենք քննարկել ենք բարեփոխումների կարևորությունը և սևծովյան տարածաշրջանում անվտանգայինն իրավիճակը», - գրել է Ստոլտենբերգը և հավելել, որ իրենք հավատարիմ են սերտ համագործակցության ամրապնդմանը։
Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին թվիթերյան էջում գրել է․«ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը չափազանց կարևոր է Ուկրաինայի համար: Մենք ուժեղացնում ենք մեր բանակը՝ հավատարիմ մնալով Դաշինքի չափանիշներին, կիսելով փորձը և զարգացնելով ռազմավարական գործընկերությունն ու բարեկամությունը»։ Նա նաև շնորհակալություն է հայտնել Ստոլտենբերգին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ջանքերին սատարելու համար և նշել, որ լուրջ են վերաբերվում բարեփոխումներին, քանի որ դրանք առաջին հերթին ուժեղացնում են Ուկրաինայի պաշտպանական հատվածը։