Ապրիլին Ժնևում Կիպրոսի խնդրի կարգավորման հարցով հանդիպում կկայանա
Ապրիլի 27-29-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում ՄԱԿ-ը ոչ պաշտոնական հանդիպում է անցկացնելու Կիպրոսի հարցի կարգավորման շրջանակներում, հայտնում է Ahval–ը:
Հինգ կողմի մասնակցությամբ բանակցությունները նպատակ ունեն որոշելու, արդյոք, կղզու վերամիավորման հարցով բանակցություններին անցում կատարելու համար կողմերի միջև ընդհանուր եզրեր կան, թե ոչ: Չորեքշաբթի այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Հյուսիսային Կիպրոսի թուրքական վարչակազմը և Թուրքիան սկսել են «երկու պետության ստեղծման լուծում» պահանջել Կիպրոսի քաղաքական ապագայի շուրջ տասնամյակների վեճը լուծելու նպատակով՝ ասելով, որ դաշնային մոդել ստեղծելու ՄԱԿ-ի նախորդ փորձերը ձախողվել են: Կիպրոսի Հանրապետությունը՝ կղզու միջազգայնորեն ճանաչված միակ կառավարությունը, և Հունաստանն ասում են, որ դաշնային պետությունը հարցի միակ լուծումն է:
Երկու շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է իր կառավարության դիրքորոշումն այն մասին, որ երկու պետության կազմավորումը հարցի լուծման միակ ճանապարհն է:
Հիշեցնենք, որ Կիպրոսը բաժանվել է 1974 թվականին, երբ թուրքական բանակը ներծուժել է Կիպրոս։ Կիպրոսի հյուսիսում ստեղծված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը առ այսօր ճանաչված է միայն Թուրքիայի կողմից։