«ՌԴ-ն շարունակում է սպառնալիք լինել Միացյալ Նահանգների և մեր եվրոպական դաշնակիցների գոյության համար». ԱՄՆ բարձրաստիճան գեներալ
Ռազմաօդային ուժերի ասոցիացիայի ցուցահանդեսի ժամանակ Ամերիկյան զինված ուժերի եվրոպական հրամանատարության ղեկավար, Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատար, գեներալ Թոդ Ուոլթերսն ասել է, որ Ռուսաստանն ապակայունացնում է աշխարհը և վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար, հայտնում է ԱՄՆ–ի պաշտպանության նախարարության կայքը:
«Չնայած միջազգային հանրության համընդհանուր դատապարտմանը և շարունակական տնտեսական պատժամիջոցներին՝ Ռուսաստանը չարամիտ գործողություններ է իրականացնում, որոնք ուղղված են ամբողջ աշխարհի ապակայունացմանը և այդ գործողություններից շատերը տեղի են ունենում Եվրոպայում: Ռուսաստանը շարունակում է սպառնալիք լինել Միացյալ Նահանգների և մեր եվրոպական դաշնակիցների գոյության համար», - ԱՄՆ–ի պաշտպանության նախարարության կայքում մեջբերված է գեներալի խոսքերը:
Գեներալը հավելել է, որ Ռուսաստանը փորձում է պահպանել խորհրդային ժամանակաշրջանի ազդեցության գոտին և այդ հարցում ուժ է կիրառում հարևան երկրների վրա: Բացի այդ, Մոսկվան ոչ սովորական գործիքների է դիմում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին վախեցնելու, թուլացնելու և մասնատելու համար:
2014 թվականից հետո, Ուկրաինայում և Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, Բրյուսելի, Վաշինգտոնի հետ Մոսկվայի երկխոսությունը հետընթաց է ապրել: Արևմուտքը մեղադրել է Մոսկվային՝ Կիևի գործերին միջամտելու համար և պատժամիջոցներ կիրառել ՌԴ–ի նկատմամբ, որին ի պատասխան Ռուսաստանը փոխել է ներմուծման քաղաքականությունը, և մեկ անգամ չէ, որ իր հասցեին հնչած մեղադրանքներն անհիմն է համարել: