Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը կորոնավիրուսն ավելի լավ է հաղթահարում, քան ԱՄՆ-ն
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ իր երկիրը կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարն ավելի լավ է հաղթահարում, քան ԱՄՆ-ն, անգամ չնայած այն հանգամանքին, որ Մեքսիկայում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող մահացության մակարդակը, հավանաբար, ավելի բարձր է, եւ երկիրն անցկացրել է իր բնակչության 1 տոկոսից պակասի պատվաստում, հայտնում է Associated Press-ը:
Օբրադորը նշել է, որ երկրների համեմատությունը սխալ է՝ միաժամանակ հայտարարելով, որ «մոլորակի ամենաազդեցիկ պետությունը՝ մեր հարեւանը, մեզանից ավելի վատ է հաղթահարել»:
Նա հարուստ երկրներին նաեւ մեղադրել է պատվաստանյութերը «կուտակելու» մեջ՝ դա «միանգամայն անարդարացի» որակելով, եւ ասել է, որ «ՄԱԿ-ը պետք է միջամտի»:
Ըստ Մեքսիկայի կառավարության տվյալների՝ երկրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 201 հազար մարդ: ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահերի թիվը մոտեցել է 500 հազարին, բայց երկրի բնակչությունը 2,6 անգամ ավելի շատ է, քան Մեքսիկայում: