Փորձագետ. ՀՀ-ում բուհական կրթության անհամապատասխանությունը շուկայի պահանջներին 80-90 տոկոս է կազմում

Հայաստանում բուհական կրթության եւ աշխատաշուկայի պահանջների անհամապատասխանությունը 80-90 տոկոս է կազմում: Այս մասին «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ ասաց «Մանթաշև» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը:
Ըստ նրա` դա պայմանավորված է նրանով, որ բուհական համակարգը Հայաստանում ուղղված է սովետական մոդելի տնտեսության բավարարմանը: Միրաքյանի խոսքով` երկրի տնտեսության դանդաղ աճի պատճառներից մեկն այն է, որ բուհական կրթական համակարգը չի գործում: «Չկա որեւէ կառույց, որն արդյունավետ կապ կապահովեր համալսարանի, գիտության եւ շուկայի միջեւ»,- հավելեց նա:
Իր հերթին, Հայ-ամերիկյան առեւտրային պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը նշեց, որ խնդիրն այն է, որ բուհերը կենտրոնացած են կրթության քանակի, այլ ոչ թե որակի վրա, իսկ այն շատ ցածր է, ինչը, իր հերթին, ազդում է Հայաստանում արվող ներդրումների վրա:
Փոքր եւ միջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանն ընդգծեց ոչ միայն գիտության ֆինանսավորման ավելացման, այլեւ այդ միջոցների ծախսման արդյունավետության ապահովման կարեւորությունը: