Շվեյցարական մամուլը ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը «հիթ» է անվանել
Կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն արտահանման ոլորտում իսկական «հիթ» է դարձել։
Այս մասին հայտնում է շվեյցարական Neue Zurcher Zeitung թերթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Հոդվածում նշված են ռուսական պատվաստանյութի ակնհայտ առավելությունները Biontech/Pfizer և Moderna պատվաստանյութերի համեմատ: Մասնավորապես, հրատարակությունը ուշադրություն է դարձրել արդյունավետությանն ու դրա լավ ուսումնասիրված ադենովիրուսային հիմքի վրա հիմնված զարգացմանը:
Հաշվի առնելով այն փաստը, որ պատվաստանյութի երկու չափաբաժիններում օգտագործվում են վիրուսի տարբեր կրիչներ` դրա արդյունավետությունն ավելի բարձր է, քան AstraZeneca-ինը, նշել է հոդվածի հեղինակը: Բացի այդ, հրատարակությունը տեղեկացրել է, որ պատվաստանյութի մեկ չափաբաժինն արժե 10 դոլար:
«Այս բոլոր առավելությունները ռուսական պատվաստանյութը դարձնում են «արտահանման հիթ»», - գրել է հրապարակման հեղինակը:
Ավելի վաղ Yahoo News Japan պորտալը հրապարակել էր կորոնավիրուսի տարբեր պատվաստանյութերի համեմատության վերաբերյալ ճապոնացի վերլուծաբան Կադզուհիկո Ֆուջիի հոդվածը, որում հեղինակը խոսել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության մասին։
Ներկայում «Սպուտնիկ V»–ն գրանցված է Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Հայաստանում և բազմաթիվ այլ պետություններում:
«Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցվել է Ռուսաստանի առողջապահության նախարարության կողմից 2020 թվականի օգոստոսին։ Այն մշակվել է Գամալեայի էլեկտրաքիմիայի հետազոտական կենտրոնի կողմից: Պատվաստանյութը կառուցված է մարդու ադենովիրուսային վեկտորների լավ ուսումնասիրված և ապացուցված հիմքի վրա: