Վաղվա անհնազանդության ակցիայի վայրն ու ժամը անակնկալ է․ Մանուկյանը ներկայացրեց առաջիկա օրերի անելիքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժման անհնազանդության ակցիան քիչ առաջ ավարտվեց։ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ փետրվարի 25-ից Հայաստանի տարբեր ուղղություններով ավտոերթեր են մեկնարկելու։ Մանրամասների մասին կհաղորդվեն վաղը։
Ինչ վերաբերում է վաղվա գործողություններին, ապա Գեղամ Մանուկյանն ասաց, որ անհնազանդության ակցիաները շարունակվելու են, բայց թե որտեղ եւ ինչ ժամի, Մանուկյանը չասաց՝ ընդգծելով, որ դա անակնկալ է։
Նշենք, որ վարչապետի հրաժարականի պահանջով այսօրվա անհնազանդության ակցիան սկսել էր Հանրապետության մետրոյի հարեւանությամբ գտնվող Արամ Մանուկյանի արձանի մոտից։ Երթի մասնակիցները շարժվեցին դեպի ոստիկանության շենք, ապա ոստիկանապետից բացատրություն պահանջեցին ավելի վաղ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած ոստիկանական գործողությունների վերաբերյալ։
Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտից ավտոբուսներով ոստիկանական ուժեր էին կենտրոնացվել Սախարովի հրապարակում, որովհետեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելելու էր Կառավարության 3-րդ մասնաշենք։ Փաշինյանը կառավարության գլխավոր մասնաշենքից կառվարության 3-րդ մասնաշենք քայլել էր «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո: Հարյուրավոր ոստիկաններ շրջափակել էին տարածքը, որպեսզի Փաշինյանն անարգել հասնի կառավարության 3-րդ մասնաշենք:
Մինչ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր նախարարության շենքում, ոստիկանները սկսեցին բռնի ուժով բերման ենթարկել քաղաքացիներին՝ առանց որեւէ նախազգուշացման։
Նշենք, որ քաղաքացիներն այդ պահին կանգնած էին ոչ երթեւեկելի հատվածում, եւ իրենց դժգոհությունն էին հայտնում Նիկոլ Փաշինյանի առնչությամբ։
Ժամը 13։00-ի դրությամբ 57 քաղաքացի էր բերման ենթարկվել։