«Վրաստանը, Սաակաշվիլիի կուսակցության ղեկավարին ձերբակալելով, հետքայլ է կատարել ժողովրդավարությունից». Վրաստանում ԱՄՆ դեսպանատուն
Վրաստանը, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, պատգամավոր Նիկա Մելիային ձերբակալելով, եվրատլանտյան ընտանիքին պատկանող պետությունների ժողովրդավարական ուղուց հետքայլ է կատարել։ Այս մասին ասվում է այսօր Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«ԱՄՆ դեսպանատունը խիստ անհանգստացած է կառավարության կողմից այսօր առավոտյան գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդին իր գրասենյակում ձերբակալելու որոշմամբ: Մենք ափսոսում ենք, որ անտեսվել են ԱՄՆ և այլ միջազգային գործընկերների՝ զսպվածության և երկխոսության կոչերը: Մենք անհանգստացած ենք իշխանությունների՝ պառակտում առաջացնող հռետորաբանությամբ: Վրաստանը հետքայլ է կատարել եվրատլանտյան ընտանիքին պատկանող պետությունների ժողովրդավարական ուղուց»,- ասված է հայտարարության մեջ:
Մելիան ձերբակալվել է այսօր` փետրվարի 23-ին:
Ավելի վաղ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Մելիային ձերբակալելու հատուկ գործողության ընթացքում բերման է ենթարկվել 21 մարդ։
Նիկա Մելիան ներգրավված է 2019 թվականի հունիսի 20-ին անկարգությունների կազմակերպման գործում: Մելիան հրաժարվել է վճարել վերանշանակված գրավը: Դատախազությունը պահանջել է քննության ընթացքում նրան կալանքի տակ պահել: Փետրվարի 17-ին դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը: