Նիդեռլանդներում Boeing 747 բեռնատար ինքնաթիռի շարժիչի մասերը թռիչքի ժամանակ ցած են ընկել. կա մեկ տուժած
Նիդեռլանդների Անվտանգության խորհուրդը հայտնում է, որ հետաքննություն է սկսվել շաբաթ Մաաստրիխտի օդանավակայանից մեկնած Boeing 747-400 բեռնատար ինքնաթիռի առնչությամբ, որի շարժիչի որոշ հատվածներ օդ բարձրանալուց հետո ցած են ընկել, գրում է Reuters-ը:
Նշվում է՝ Longtail Aviation բեռնատար ինքնաթիռը հիմնականում փոքր մետաղական մասեր է ցած նետել Նիդեռլանդների հարավային Մերսսեն քաղաքի վրա՝ վնաս պատճառելով մեքենաներին և թեթև վիրավորում հասցնելով մի կնոջ:
«Մեր հետաքննությունը դեռ նախնական փուլում է, եզրակացություններ անել դեռ շատ վաղ է», - այսօր հայտնել է Նիդեռլանդների անվտանգության խորհրդի խոսնակը:
Ականատեսները պատմել են, որ կրակ են նկատել Մաաստրիխտից մոտ 30 կիլոմետր հարավ գտնվող Բելգիայի Լիեժ օդանավակայանում անվտանգ վայրէջք կատարած ինքնաթիռի շարժիչներից մեկի վրա:
Boeing-ի բեռնատար ինքնաթիռում, որը պետք է թռչեր Նիդեռլանդներից Նյու Յորք, օգտագործվում է Pratt & Whitney PW4000 շարժիչ, որը շաբաթվա մեկ այլ միջադեպում ներգրավված United Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռի շարժիչի ավելի փոքր տարբերակն է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Boeing-ը խորհուրդ էր տալիս ավիաընկերություններին դադարեցնել PW4000-ով աշխատող իր 777 ինքնաթիռների թռիչքները ու սպասել շարժիչի ստուգումներին: