Եգիպտոսում կին պաշտոնյան աշխատանքից հեռացվել է քաղաքի փողոցներն ամուսնու ու նրա բարեկամների պատվին անվանակոչելու պատճառով
Եգիպտոսի հյուսիսում գտնվող Ալ–Քալյուբիա նահանգի նահանգապետն աշխատանքից ազատել է Քաֆր Շուքր քաղաքի բարեկարգման վարչության տնօրենին այն բանից հետո, երբ նա մի քանի փողոց անվանել է իր ամուսնու և նրա հարազատների անունով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով տեղական «ալ–Ուաթան» թերթին:
«Որոշվել է աշխատանքից ազատել Քաֆր Շուքր քաղաքի բարեկարգման վարչության պետին՝ քաղաքի նոր գլխավոր հատակագծում մի քանի փողոց ի պատիվ իր ամուսնու և նրա հարազատների անվանակոչելու վերաբերյալ բնակիչներից ստացած բողոքներից հետո», - ասել է նահանգապետ Աբդուլհամիդ Խադջան:
Ըստ նրա, նախկին պաշտոնյայի գործողությունները, օրենքի կոպտագույն խախտումներ են, քանի որ փողոցների անվանակոչման վերաբերյալ որոշումները կայացվում են տեղի ժողովրդական խորհրդի կամ հատուկ կոմիտեի կողմից: Վերջին շրջանում Եգիպտոսում փողոցները անվանակոչվել են բացառապես ահաբեկիչների դեմ պայքարում զոհված հասարակական գործիչների կամ ռազմական ու ոստիկանության սպաների պատվին:
Պաշտոնյան, որը փողոցներն անվանակոչել է ամուսնու, եղբայրների ու սկեսրայրի անուններով, հերքել է իրեն առաջադրված մեղադրանքները և ասել, որ այսպիսով իրենից վրեժ է լուծում քաղաքի մի բնակիչ՝ որպեսզի հայտնի դառնա: Խոսքը Սամի Գամալ անունով անձնավորության մասին է, որը անվանակոչման վերաբերյալ վերոնշյալ ճգնաժամից հետո առաջարկել է նույն օրինակով «Քաֆր Շուքր քաղաքը» վերանվանել «Սամի Գամալի քաղաք»–ի: Քաղաքացին, սակայն, պնդում է, որ այս կերպ ինքն իր բողոքն է արտահայտել: