Գիտնականները պարզել են՝ որ օրգանիզմները կարող են դիմանալ դեպի Մարս ուղևորությանը
Աստղակենսաբանները պարզել են, որ սև բորբոսի և մի շարք բակտերիաների սպորներ կարող են դիամանալ բաց տիեզերքով դեպի Մարս ուղևորվող տիեզերանավի թռիչքին, փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Frontiers in Microbiology գիտական ամսագրին:
Ուսումնասիրության հրապարակված արդյունքներում նշվում է, որ մարսիական պայմաններ բակտերիաների և սնկային օրգանիզմների համար ապահովել են օդապարիկի օգնությամբ, որը մի քանի ժամ շարունակ գտնվել է Երկրի մակերեսից մոտ 38 կմ բարձրությամբ՝ ստրատոսֆերայում:
Գիտնականների խոսքով՝ այդ բարձրությամբ առկա ճառագայթման միջավայրը գրեթե հավասար է այն միջավայրին, որը դիտվում է Մարսի մթնոլորտի ստորին շերտերում և կարմիր մոլորակի մակերեսին:
Գիտափորձի ժամանակ կիրառված օրգանիզմները մասնագետները տեղադրել են օդապարիկին կցված սարքավորման մեջ, որտեղ ապահովել են Մարսին բնորոշ ջերմաստիճանն ու ճնշումը: Մարսիական «գիտարշավին» 4 տեսակի բակտերիաներ են մասնակցել, որոնք, սովորաբար, բնակվում են մարդու մաշկի վրա և կարող են որոշ վարակների առաջացման պատճառ դառնալ:
Բակտերիաների՝ Երկիր վերադառնալուց հետո գիտնականները նկատել են, որ դրանցից մի քանիսը դիմացել են ճանապարհորդությանը: Մասնագետների խոսքով՝ այս բացահայտումը պետք է հաշվի առնել տիեզերագնացների՝ Մարս ճանապարհորդության ժամանակ՝ նրանց առողջության պաշտպանությունն ապահովելու համար: