Փորձագետ. Վերջին ձերբակալությունները նպատակ ունեն վարկաբեկելու ՀՀ ԱԱԾ-ն
Վերջին ձերբակալությունները նպատակ ունեն վարկաբեկելու ՀՀ ԱԱԾ-ն, քանի որ ստացվում է, որ գերատեսչությունը պատերազմի շրջանում թողել է բոլոր կարեւոր գործերն ու զբաղվել «ֆեյքեր» որոնելով: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրական իրավունքի հարցով փորձագետ Գոհար Մելոյանը:
Նա հավելեց, որ նույնիսկ այդ «ֆեյքի» ձերբակալությունից հետո նրա էջում շարունակել են գրառումներ հայտնվել, ինչը տարօրինակ է եւ հարցեր է առաջացնում:
Նրա գնահատմամբ՝ խոսքը բացահայտ քաղաքական հետապնդման մասին է, քանի որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը միշտ սարսափ է եղել Թուրքիայի եւ Ադրբեջանի քարոզչության համար: «Դա եւս մեկ ապացույց է, որ իշխանությունը ծառայում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին: Ավելին, նրանք պատրաստվում են մասնագիտակցված դատարաններ ներդնել, որպեսզի վերջիններս իրենց հարմար որոշումներ կայացնեն: Ինչո՞ւ մինչ այժմ քրեական գործ չի հարուցվել կեղծ տեղեկության փաստով, որը ներկայացնում էր Արծրուն Հովհաննիսյանը պատերազմի ժամանակ: Ինչո՞ւ չեն հետքննում Շուշիի հանձնումը»,-նշեց Մելոյանը:
Նա նկատեց, որ իշխանությունն արձագանքել է ընդդիմության քննադատությանը, սակայն լռում է, երբ Ադրբեջանի նախագահը ծաղրում է ՀՀ վարչապետին:
Փորձագետը հավելեց, որ փետրվարի 19-ին ձերբակալությունները, այսինքն՝ հանրահավաքից մեկ օր առաջ, իշխանության համար ունեցան հակառակ արդյունքը, քանի որ նման անօրինությունը առիթ դարձավ, որպեսզի էլ ավելի շատ մարդ դուրս գա փողոց: