Արծրունը, որ խաբում էր բոլորիս, դա հանցագործություն չէր, բայց ինչ-որ ֆեյք, որ տալիս է այլընտրանքային տեղեկատվություն, իշխանությունները համարում են հանցագործություն. Ռուբեն Մելիքյան
Այս տարօրինակ գործով որոշումը պետք է հրապարակվի, որն ուղղակի ամոթալի է ցանկացած պետության հատուկ ծառայության համար, որ այսպիսի գործ կա. առաջին ատյանի ընդհանուր Իրավասության դատարանի Նոր Նորք նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, քաղաքագետ Կարեն Բեքարյանի ձերբակալության որոշման դեմ պաշտպանի բողոքի, նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդության քննարկումը:
«Մեղադրանքներից մեկն այն է, որ այդ ֆեյքը քննադատում էր իշխանություններին և այլընտրանքային տեղեկություն էր տալիս, այսինքն` Արծրունը, որ խաբում էր բոլորիս, դա հանցագործություն չէր, բայց որ ինչ-որ ֆեյք տալիս էր այլընտրանքային տեղեկություն, որ կարելի է տեսնել, որ ճշմարտության բավականին մեծ հատված ուներ և հանրային վտանգավորություն իրենից չէր ներկայացնում, այսօր իշխանությունները համարում են հանցագործություն: Եվս մեկ կարևոր հանգամանք, որ Սահմանադրական դատարանի կողմից կասեցված է այդ արարքի քրեականացումը, և այս պայմաններում պետությունը հանցագործություն է համարում: Սա նշանակում է, որ գործ ունենք մարդկանց հետ, որ ուղղակի իրավունք չունեն որևէ մեկի աչքին նայեն ասեն՝ մենք իրավաբան ենք, խոսքը վերաբերում է այս գործով քննիչի գործառույթ իրականացնող իրավաբաններին»,- ասաց նա:
Մելիքյանի խոսքով՝ չնայած Վահագն Վարագյանի կողմից դատարանի նախագահի վերաբերյալ երկու օր առաջ կատարված բացահայտմանը, այնուհանդերձ մենք չմոռանանք, որ գործ ունենք շատ դեպքերում իրենց բարձրունքի վրա գտնվող դատավորների հետ, և Կարեն Բեքարյանի մասով դատարանը կկայացնի իրավաչափ որոշում:
«Վահագն Վարագյանը բարձրաձայնել է փաստ, որը վերաբերում է ստուգելի երևույթների՝ դատարանի նախագահը կոնկրետ վայրում է եղել, մարդիկ են ներկա եղել, և հստակ եղել են ձևակերպումներ, որ աներկբա ձևով վկայում են դատավորի նկատմամբ կոնկրետ գործով ճնշում գործադրելու մասին: Ունենք դատական իշխանությունում մարդիկ և իրավիճակներ, երբ ոչ թե պատվերն է առաջնահերթ, այլ իրավունքի գերակայությունը, և ես հույս ունեմ, որ այսօր մենք կունենաք իրավունքի գերակայության հաղթանակ, այլ ոչ թե խայտառակության հաղթանակ»: