21-ամյա բրիտանուհին դարձել է Ատլանտյան օվկիանոսը միայնակ անցած ամենաերիտասարդ կինը
Բրիտանացի Ժասմին Հարիսոնը դարձել է ամենաերիտասարդ կինը, որը միայնակ թիավարելով կտրել-անցել է Ատլանտյան օվկիանոսը՝ Իսպանիայի ափերից հասնելով Անտիգուա և Բարբուդա:
Ինչպես փոխանցում է CNN-ը 21-ամյա բրիտանուհին 4800 կմ տարածությունը հաղթահարել է 2020 Talisker Whisky Atlantic Challenge միջոցառման շրջանակներում: Նա ջրում անցկացրել է 70 օր 3 ժամ 48 րոպե: Ուղևորությունը Ժասմինն ավարտել է նախօրեին՝ նոր ռեկորդ սահմանելով՝ որպես ամենաերիտասարդ կինը, որը միայնակ որևէ օվկիանոս է անցնում:
Հարիսոնը պատմել է, որ ուղևորության ընթացքում հասցրել է բախվել հորատման աշխատանքներ իրականացնող նավի հետ, երկու անգամ կողաշրջվել և մեծ քանակությամբ գետնանուշի կարագ ուտել:
Մարտահրավերին մասնակցելու ցանկության մասին բրիտանուհին հայտնել էր դեռևս 2018 թվականին: