Հայ ժողովուրդն այսպիսի ապիկար ու սրիկա իշխանություն երբեք չի ունեցել․ միասին, համառ պայքարով հեռացնելու ենք այս չարիքի կառավարությանը և կառուցենք երազանքների հայրենիք․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Արցախյան շարժումից 33 տարի անց այս պատմական հրապարակում, այս պատմական օրը մենք պետք է հայ ժողովրդի պատմության մեջ բացենք նոր լուսավոր էջ։ Այս մասին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Դուք նաև այսօր ուժեղ ապտակ տվեցիք այս իշխանական խմբակին և նրանց, ովքեր ասում էին՝ այս շարժումը մարել է, որ ժողովուրդը համակերպվել է այս վիճակին։ Հայ ժողովուրդն իր պատմության մեջ այսպիսի ապիկար, տկար, սրիկա, անսրբություն, ստախոս իշխանություն երբեք չի ունեցել»,–ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ բոլորը պետք է հասկանան, թե ինչ ճանապարհով պետք է հեռացնենք այս իշխանություններին։ «Մենք ծանոթ ենք ձեր տրամադրություններին, տեսել ենք ձեր վճռականությունը, գիտենք նաև ձեր դժգոհությունը, սակայն ունենք պատասխանատվություն ձեր նկատմամբ և երբեք չենք տանելու արկածախնդրության, միասին, համառ, հետևողական պայքարի արդյունքում հեռացնելու ենք այս չարիքի կառավարությանը և կառուցենք երազանքների հայրենիք»,– ասաց նա և կոչ արեց տանը եղած քաղաքացիներին միանալ իրենց։
Նա կարևորեց, որ այս համաժողովրդական պահանջը դարձնեն համաժողովրդական պայքար։ «Առաջիկայում գումարելու ենք համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում, այս պահից սկսած այդ ֆորումի նախապատրաստական աշխատանքների մեկնարկըտրվում է և դրանով սկիզբ է դրվելու Հայաստանի վերելքի ծրագրին»,–ասաց նա։