Մեծ Բրիտանիայում հին մեքենաներից հրաժարվող վարորդներին մինչև 4200 դոլար փոխհատուցում կտրամադրվի
Մեծ Բրիտանիայի կառավարությունը վտանգավոր արտանետումների պատճառով օդն ամենաշատն աղտոտող մեքենաների տերերին կսկսի մինչև 4200 դոլար փոխհատուցում տրամադրել, եթե նրանք հրաժարվեն իրենց մեքենաներից և օգտվեն հասարակական տրանսպորտից, հեծանիվներից, էլեկտրական սկուտերներից կամ տաքսիներից, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Քովենտրիում այս գարնանը կմեկնարկի կառավարության աջակցությունը ստացած փորձնական ծրագիրը՝ խցանումները նվազեցնելու և օդի որակը բարելավելու նպատակով: Փոխհատուցում կառաջարկվի 2006–ից 2016 թվականների արտադրության դիզելային և բենզինային շարժիչներով մեքենաների սեփականատերերին: Ծրագիրը նախատեսված է երկու տարվա համար, որից հետո կգնահատվի դրա արդյունավետությունը:
2019 թվականին, բրիտանացիներն իրենց տրանսպորտային միջոցներով, ընդհանուր առմամբ անցել են 574 միլիարդ կմ, ինչը 11 տոկոսով ավելի է, քան 5 տարի առաջ գրանցված տվյալները։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարությունը։