Տանզանիայի նախագահը խնդրել է բնակիչներին 3 օր աղոթել COVID-19-ի դեմ հաղթանակի համար
Տանզանիացիները պետք է երեք օր աղոթեն, որպեսզի հաղթանակ տանեն COVID-19-ի նկատմամբ: Նման հայտարարություն է հանդես եկել Տանզանիայի նախագահ Ջոն Մագուպուլին, գրում է iz.ru-ն:
«Հիվանդությունները գոյություն ունեն և կշարունակեն գոյություն ունենալ: Ես մեկ անգամ ևս խնդրում եմ տանզանիացիներին, մի իրավիճակում, երբ աշխարհում լուրջ տարաձայնություններ կան, շարունակել աղոթել: Եկեք սկսենք այսօր՝ նախ մեր մուսուլման եղբայրները, վաղը, շաբաթ, մեր ադվենտիստ եղբայրները, և կիրակի՝ մեր քրիստոնյա եղբայրները: Վստահ եմ, որ երեք օրվա աղոթքը կօգնի մեզ հաղթել»,- ասել է երկրի ղեկավարը:
Նա նաև նշել է, որ երկիրը չի պատրաստվում «լոքդաուն» մտցնել:
«Եվ նույնիսկ հիմա մենք «լոքդաուն» չենք մտցնի, մենք գիտենք, որ Աստված գոյություն ունի», - ասել է Մագուֆուլին:
Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին ավելի վաղ անհայտ հիվանդությունը խլել էր առնվազն 15 տանզանիացու կյանք: Երկրի առողջապահության տվյալներով՝ հիվանդությունը վարակվածների մոտ առաջացնում է արյան փսխում: Ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է:
Փետրվարի 2-ին հայտնի էր դարձել, որ Տանզանիայի բժշկական իշխանությունները չեն պատրաստվում գնել և երկիր ներմուծել հակակորոնավիրուսային պատվաստանյութեր և պատվաստել բնակչությանը:
Նշենք՝ Տանզանիան դադարեցրել էր դեպքերի վիճակագրության հրապարակումը 2020 թվականի ապրիլին, երբ այս վարակի դեպքերի թիվը հասել էր 509-ի: