Հնդկաստանում ոստիկանությունն ամուսնական վեճը լուծելու համար տղամարդուն կարգադրել է շաբաթվա 3 օրն անցկացնել ընտանիքի, 3 օրը՝ ընկերուհու հետ, իսկ 7-րդ օրը՝ հանգստանալ բոլորից
Հնդկաստանի Ջհարկհանդ նահանգում ոստիկանությունն ուշագրավ լուծում է գտել ամուսնական վեճը հարթելու համար՝ կարգադրելով տղամարդուն 3 օր անցկացնել ընտանիքի, 3 օր ընկերուհու հետ և 1 օր հանգստանալ 2-ից էլ, գրում է odditycentral.com-ը:
Ամուսնական վեճը սկսվել է այն բանից հետո, երբ տղամարդը ռոմանտիկ հարաբերություններ է սկսել ընկերուհու հետ, որին սկզբնապես տեղյակ չի պահել իր՝ ամուսնացած լինելու փաստի մասին: Նա այնքան է տարվել աղջկանով, որ նույնիսկ թողել է կնոջն ու երեխաներին, որպեսզի իր ողջ ժամանակը տրամադրի նոր սիրավեպին:
Այնուամենայնիվ, ամեն ինչ չի գնացել այնպես, ինչպես ծրագրված է եղել: Տղամարդու կինը և ընկերուհու ծնողները ոստիկանություն բողոք են ներկայացրել, որում նրան մեղադրել են առևանգման համար:
Երբ ոստիկանությունը ողջ երկրում փնտրելուց հետո հայտնաբերել է զույգին, հետաքրքիր լուծում է գտել ամուսնական վեճը լուծելու համար: Գերատեսչությունը կարգադրել է 3 օր անցկացնել ընկերուհու, 3 օր՝ ընտանիքի հետ, իսկ 1 օր էլ հանգստանալ երկուսից էլ: Այս առնչությամբ եռյակը նույնիսկ հաշտության մասին փաստաթուղթ է ստորագրել:
Ոստիկանության լուծումը դարձյալ որևէ օգուտ չի տվել: Կարճ ժամանակ անց տղամարդու ընկերուհին ոստիկանություն է դիմել՝ մեղադրելով նրան ամուսնության պատրվակով սեռական ոտնձգության համար: Տղամարդու անունով ձերբակալման հրամանագիր է արձակվել, իսկ ոստիկանությունը ներկայում փնտրում է նրան:
Հետաքրքիրն այն , որ ոստիկանությունը մի պահ կարողացել է գտնել նրան ու հնարավորություն է ունեցել ձերբակալել, սակայն նրա կինն օգնել է վերջինիս փախուստի դիմել: