ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է ԱՄՆ-ում անոմալ սառնամանիքների պատճառը
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բացատրել է, որ պնդումներն առ այն, թե ներկայիս դաժան ցուրտ ձմեռներն ապացուցում են, որ գլոբալ տաքացում իրականում տեղի չի ունենում, իրականությանը չեն համապատասխանում, գրում է Business Insider-ը:
«Դա խոսում է գիտելիքների բացակայության մասին, դա լիակատար տգիտություն է», - ասել է Գուտերեշն ու պարզաբաբանել, որ այդ անոմալ երևույթներն են իրականում կլիմայի տաքացման պատճառը:
«Եթե դուք նայեք փոթորիկներին, բայց և ուսումնասիրեք տաք և սառը ալիքները, կտեսնեք՝ դրանք ավելի ծայրահեղ ու կտրուկ են դառնում կլիմայի փոփոխության պատճառով»,- մանրամասնել է նա:
Ի պատասխան դիտարկմանը, թե հենց կլիմայի փոփոխության պատճառով է ԱՄՆ-ում ձմեռն այս տարի բավականին ինտենսիվ, պաշտոնյան արձագանքել է՝ գլոբալ տաքացումը կարող է «բոլոր փոթորիկները, բոլոր ջերմային տատանումներն ավելի ծայրահեղ դարձնել»:
Նշենք, որ ԱՄՆ-ում եղանակային վատ պայմանների հետևանքով մահացածների թիվն անցյալ շաբաթվանից հասել է 38-ի: Այս ընթացքում ցածր ջերմաստիճանի ավելի քան 2500 ռեկորդ է գրանցվել երկրի ողջ տարածքում:
Ցուրտ եղանակի և ձնաբքի հետևանքով ամենից շատ տուժել է Տեխաս նահանգը, որտեղ արձանագրվել է մահվան ամենաշատ դեպքերը: Այստեղ եղանակի պատճառով 20 մարդ է մահացել: Նշվում է, որ ընդհանուր առմամբ ևս 8 մահ է գրանցվել, սակայն իշխանությունները չեն շտապում պատճառը վերագրել եղանակային պայմաններին և սպասում են դիահերձման արդյունքներին:
Ձնաբքի պատճառով նահանգի մոտ 300 000 բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության, ավելի քան 260 000-ը զրկվել է ջրամատակարարումից:
Վատ եղանակային պայմաննների պատճառով չեղարկվել են մոտ 2300 ներքին և միջազգային չվերթներ: Տեխասցիներից բացի բարդ իրավիճակում են գտնվում նաև Միսիսիպի, Կենտուկիի, Օրեգոն, Լուիզիանա, Իլինոյս, Օհայո, Հյուսիսային Կարոլինա, Վիրջինիա նահանգների բնակիչները: