Հնդկաստանում սառցադաշտի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի, դեռևս անհետ կորած է համարվում 142 մարդ
Հնդկաստանի Ուտառախանդ նահանգում սառցադաշտի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ երկրի ներքին գործերի նախարարությանը հղումով:
Ըստ գերատեսչության տվյալների՝ սառցադաշտի փլուզումը հանգեցրել է Ռիշիգանգա գետում ջրի մակարդակի բարձրացմանը, ինչի հետևանքով ջուրը ողողել է 13,2 ՄՎտ համանուն հիդրոէլեկտրակայանը: Ջրհեղեղի հետևանքով վնասվել է նաև 520 ՄՎտ հզորությամբ NTPC (Հնդկաստանի խոշորագույն էներգետիկ ընկերություն) հիդրոէլեկտրակայանը:
«Փրկարարներն արդեն գտել են 62 դիակ և 28 մարմնի մաս: 34-ի ինքնությունը ճշտվել է», - հայտնել են ոստիկանությունից ու հավելել՝ 142 մարդ դեռևս շարունակում է մնալ անհետ կորած:
Նշվում է ՝ փրկարարները շարունակում են մարդկանց որոնումները: Հայտնի է, որ ջրհեղեղի պահին NTPC ՀԷԿ-ի 30-35 աշխատակիցներ գտնվել են տեխնիկական թունելում: Միևնույն ժամանակ արտակարգ իրավիճակների արձագանքման պետական վարչության 12 խմբեր շարունակում են մարմինների որոնումը գետերի երկայնքով:
Որոնողական գործողության մեջ ներգրավված են փրկարարներ, հնդկատիբեթյան ոստիկանության աշխատակիցներ և զինվորականներ: