Զարգացած երկրներում հակակորոնավիրուսային պատվաստանյութի գնումները գերազանցել են բնակչության թվաքանակը
Զարգացած երկրները կորոնավիրուսի դեմ ավելի շատ պատվաստանյութ են գնում, քան իրենց անհրաժեշտ է ամբողջ բնակչության պատվաստման համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով աղքատության դեմ պայքարի և հիվանդությունների կանխարգելման ONE Campaign կազմակերպության զեկույցը:
Պատվաստանյութի մատակարարումների ընթացիկ գործարքների վերլուծության արդյունքում կազմակերպությունը բացահայտել է, որ ներկա պահին ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան և Ճապոնիան իրենց արդեն ապահովել են պատվաստանյութի ավելի քան 3 մլրդ չափաբաժնով: Նշվում է, որ դա ավելի քան մեկ մլրդ-ով գերազանցում է տվյալ երկրներում ողջ բնակչությանը պատվաստելու համար անհրաժեշտ դեղամիջոցի քանակը:
ONE Campaign-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պետք է կիսվեն դեղամիջոցի ավելորդ չափաբաժիններով՝ ողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում:
Կազմակերպության գնահատմամբ՝ եթե այդպես չարվի, միլիարդավոր մարդիկ կմնան առանց անհրաժեշտ պաշտպանվածության, ինչն էլ, իր հերթին, կարող է երկարաձգել համավարակը:
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 110 մլն-ը, իսկ վիրուսից մահացածներինը՝ 2.4 մլն-ը: