Միջազգային քրեական դատարանը Կիպրոսի թուրքական շրջափակման հարցով որոշում կկայացնի մինչև հունիսի 16-ը
Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդան ասել է, որ Հյուսիսային Կիպրոսի թուրքական շրջափակման վերաբերյալ որոշում կկայացնի մինչ հունիսի 16-ն իր լիազորությունների ժամկետի լրանալը, հայտնում է Ahval–ը:
Եվրախորհրդարանի կիպրացի անդամ Կոստաս Մավրիդեսը 2014 թվականի հուլիսին հայց է ներկայացրել ընդդեմ Հյուսիսային Կիպրոսի թուրքական բնակավայրերի՝ ի դեմս իսրայելամետ ՀԿ «Շուրադ Հադին»–ի:
Ներկայացված հայցում նշվում է, որ Միջերկրական ծովի կղզու հյուսիսային հատվածում Թուրքիայի ներկայությունը «արդի ժամանակներում բնակավայրերի հաստատման ամենահամարձակ ձեռնարկություններից մեկն է»:
Թուրքիայի նախագան Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է Կիպրոսում դաշնային պետություն ստեղծելու նախագիծը։ Փետրվարի 10–ին, Կիպրոսի հարցի վերաբերյալ 5 կուսակցությունների համաժողովից առաջ, որը կայանալու է մարտին, իր ելույթի ընթացքում Էրդողանը շեշտել է, որ միակ լուծումը երկու պետություն ստեղծելու գաղափարն է։
Ակնկալվում է, որ հաջորդ ամիս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կհամախմբի կիպրոսաբնակ հույներին և թուրքերին, ինչպես նաև երաշխավոր երկրներ հանդիսացող Հունաստանին, Թուրքիային և Բրիտանիային` բանակցությունները վերսկսելու հնարավորությունը գնահատելու համար:
Կիպրոսը մասնատված է 1974 թվականից ի վեր, երբ Թուրքիան զորք է մտցրել կղզի՝ Հունաստանի աջակցությամբ իրականացվող հեղաշրջմանը դիմակայելու համար: 1983 թվականին Կիպրոսի Թուրքական ղեկավարությունն այդ տարածքը հռչակել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, որը ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից: Կղզու վերամիավորմանն ուղղված բազմաթիվ դիվանագիտական նախաձեռնություններ են տեղի ունեցել 1974 թվականից ի վեր, սակայն մինչ օրս ոչ ոքի չի հաջողվել վերամիավորել Կիպրոսը: