Առավելագույնը 2 երեխա․ Եգիպտոսի բնակչությունը գերազանցել է 100 միլիոնը, երկրի նախագահը կոչ է արել պայքարել գերբնակեցման դեմ
Եգիպտոսի բնակչությունը գերազանցել է 100 միլիոնը, ինչի կապակցությամբ երկրի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին հայտարարել է, որ մեկ ընտանիքում երեխաների թիվը չպետք է գերազանցի 2-ը, տեղական ԶԼՄ-ներին հղումով գրում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Իսմայիլիայում բժշկական համալիրի բացման ժամանակ երկրի ղեկավարը համաքաղաքացիներին զգուշացրել է, որ բնակչության թվի արագ աճը վտանգավոր է, քանի որ բացասաբար է ազդում Եգիպտոսի տնտեսության վրա:
«Քանի դեռ բնակչության աճի հարցը վերահսկողության տակ չի վերցվել, մարդիկ իրենց կյանքի պայմանների ոչ մի բարելավում չեն զգա»,- նշել է Աբդել Ֆաթահ ալ Սիսին։
Միևնույն ժամանակ, նախագահը երկրի բնակիչներին վստահեցրել է, որ իշխանությունները չեն ծրագրում խնդիրը լուծել կոշտ մեթոդներով։
Ալ Սիսին նաև հավելել է, որ ամեն տարի Եգիպտոսում լույս աշխարհ է գալիս երկու միլիոն երեխա, ինչը պահանջում է առնվազն 3,6 միլիարդ դոլարով Առողջապահության նախարարության բյուջեի ավելացում:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Եգիպտոսի բնակչությունը կազմում էր 90 միլիոն մարդ։