Ռուսական նավատորմը ժամանել է Իրանի ջրային տարածք՝ համատեղ զորավարժությունների մեկնարկի համար
Ռուսական ռազմական նավատորմը ժամանել է Իրանի հարավարևելյան շրջանի ջրային տարածք՝ իրանական ուժերի հետ համատեղ զորավարժություններ անելու:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, ռուսական նավատորմը կազմված է «Ստոյկի» հետախուզական ռազմանավից և «Կոլա» ռազմական լցանավից: Ռամզանավերի մուտքն Իրանի տարածքային ջրեր ողջունել են Իրանի ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավերը:
Ռուս հրամանատարները պատրաստվում են հանդիպում ունենալ իրանցի գործընկերների հետ Չաբահարի նավահանգստում, որտեղ կպայմանավորվեն համատեղ զորավարժությունների ընթացքի մասին:
Իրանի բանակի փոխհրամանատար, փոխծովակալ Հաբիբոլլահ Սայարին ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի հզոր նավատորմի հետ համատեղ զորավարժությունները հստակ ուղերձ են առ այն, որ իրանական ռազմածովային ուժերը հասել են համաշխարհային հզորագույն նավատորմերի մակարդակին՝ ինչպես սարքավորումների, տեխնիկական համալրվածության, հաղորդակցական համակարգերի այնպես էլ մարդկային ուժի և հրամանատարության առումով: