ԼՀԿ-ն խմբակցության անունից դիմել է կառավարությանը, որպեսզի հասկանանք՝ ինչ երրորդ փաստաթղթի մասին է խոսքը. Կարեն Սիմոնյան (տեսանյութ)
Տիգրան Ավինյանը, ըստ էության, հաստատեց, որ կա պայմանավորվածություն, միայն թե չնշեց՝ դա գրավոր պայմանավորվածություն էր, թե բանավոր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
«Մենք ունենք մի իրավիճակ, երբ ադրբեջանական կողմի հետ կնքվել է ինչ-որ փաստաթուղթ, որով տրվել են տարածքներ, կամ թույլատրվել է ադրբեջանական զորքերի որոշակի տեղաշարժը ՀՀ տարածքում կամ նրա սահմանների մոտ: ԼՀԿ-ն խմբակցության անունից դիմել է կառավարությանը, որպեսզի հասկանանք, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Եթե դա գաղտնի է, ապա որ մասն է գաղտնի և որ մասն է հրապարակման ենթակա»:
Պատգամավորը շետեց, որ բոլոր միջազգային պայմանավորվածությունները ՀՀ-ի հետ պետք է լինեն պարզ և ոչ գաղտնի, բովանդակությունը կարող է լինել գաղտնի, սակայն առկայությունը՝ ոչ:
Հարցին՝ իրավասո՞ւ էին իշխանությունները ստորագրել նման ապազգային բովանդակություն ունեցող փաստաթուղթ, Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ մի իշխանություն չունի հակասահմանադրական քայլեր կատարելու իրավասություն: Հարցը հետևյալն՝ այն տեքստը, որը հրապարակվում է և տարածվում, արդյոք այն փաստաթուղթն է, որի մասին խոսք է գնում: Սիմոնյանը զերծ մնաց որևէ իրավական գնահատական տալուց, քանի դեռ չի հաստատվել փաստաթղթի բովանդակությունը»:
Դիտարկմանն էլ, թե Սյունիքի մարզի մի շարք համայնքների համայնքապետեր հաստատել են, որ կա նման փաստաթուղթ, Սիմոնյանը նշել է, որ ապագայում դիմելու են համայնքապետերին՝ խնդրելով տրամադրել փաստաթուղթը, քանի որ եթե պնդում են, ուրեմն պետք է ծանոթացած լինեն պաշտոնապես:
Թե այս իրավիճակում ինչ կարող է անել խորհրդարանը՝ Սիմոնյանը նշեց՝ այս խորհրդարանը, ի դեմս քաղաքական մեծամասնության, որևիցե քայլ չի ձեռնարկել. «Բայց մյուս կողմից դա ինձ հույս է ներշնչում, որ հաջորդ խորհրդարանը կկարողանա իրավական ճանապարհով վիճարկել այդ փաստաթղթերի սահմանադրականությունը և իրավաչափությունը: Մենք կարող ենք վերանայել այդ փաստաթուղթը՝ ներկայացնելով այն որպես ռազմական սպառնալիքի տակ ստորագրված փաստաթուղթ»:
Դիտարկմանը, թե խորհրդարանը դե ֆակտո չկա, եթե հաշվի առենք, որ որոշումների վրա որևէ ազդեցություն չունի, պատգամավորը պատասխանեց. «Կա երկու ընդդիմադիր խմբակցություն: Մեկը պայքարում է փողոցում՝ այդ ձևով իրականացնելով իր պայքարը, մյուսը անում է հնարավորը և անհնարինը՝ օգտագործելով իր լծակները՝ փորձում է կազմակերպել իր աշխատանքը: Փաստն այն է, որ կա 83 հոգանոց քաղաքական մեծամասնություն ունեցող խմբակցություն, որը առաջնորդվում է մեկ հոգու կամքով»:
Մանրամասները՝ տեսանյութում: