Ոչ ոք չի կարող հայերի վրա ոտքերը մաքրել. պատգամավորը մեկնաբանեց Նժդեհի հուշարձանի ապամոնտաժման մասին լուրերը
Ոչ ոք, Հայաստանից ու Արցախից բացի, իրավունք չունի որոշելու հայ ժողովրդի մշակութային առանձնահատկությունների հետ կապված հարցերը: Այս մասին փետրվարի 12-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Արցախում Գարեգին Նժդեհի հուշարձանի ապամոնտաժման մասին լուրերը:
Սիմոնյանը, մասնավորապես, նշեց, որ ազգերի ինքնորոշման իրավունքը ենթադրում է նաեւ մշակութային ինքնորոշում:
«Յուրաքանչյուր ազգ ինքն է որոշում, թե ովքեր են իր հերոսները, ինչպիսին են մշակութային արժեքները եւ ինչ գաղափարների հետեւել: Այս հարցում, կարծում եմ, մենք զիջումների տեղ չունենք, քանի որ սա ազգային ինքնության եւ արժանապատվության խնդիր է: Ոչ մի ազգ չի կարող եւ իրավունք չունի ոտքերը մաքրելու մեր արժանապատվության վրա: Սա այն սահմանագիծն է, որից այն կողմ մենք զիջելու բան չունենք: Եվ ոչ մի ազգ չի հարգի մեզ, եթե մենք որեւէ զիջում կատարենք մեր ազգային ինքնության առումով»,- շեշտեց Սիմոնյանը:
Պատգամավորը նաեւ ասաց, որ խոսել է Արցախի իշխանությունների հետ, որոնք այսօր հանդես կգան հայտարարությամբ, որպեսզի այս հարցը ստանա տրամաբանական լուծում, իսկ հայ ժողովրդի արժանապատվությունը չնվաստացվի:
Նշենք, որ համացանում տեղեկություն է տարածվել այն մասին, որ ադրբեջանական եւ թուրքական կողմերի պահանջով Մարտունիում ապամոնտաժվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը, որի բացումը դեռ չի կատարվել: