Կուբան հայտարարել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի հաջող փորձարկումների մասին
Կուբայական BioCubaFarma հոլդինգի օբյեկտներում սկսվել են COVID-19-ի դեմ երկրում մշակվող 4 պատվաստանյութից երկուսի՝ «Սոբերանա-02»-ի եւ CIGB-66-ի փորձարկումները, հայտնում է Կուբայի հեռուստատեսությունը:
«Ֆինլի» պատվաստանյութերի ինստիտուտի տնօրեն Վինսենտե Բենկոմոն եթերում հայտնել է, որ կլինիկական փորձարկումները լավ են ընթանում, արդեն պատրաստվել է «Սոբերանա-02» պատվաստանյութի 150 հազար դեղաչափ, եւ հավանաբար, մարտին կսկսվի ինչպես այս պատվաստանյութի, այնպես էլ CIGB-66-ի փորձարկումների եզրափակիչ փուլը: Եթե փորձարկումները հաջող ավարտվեն, «Սոբերանա-02»-ը ապրիլին հասանելի կլինի լայն օգտագործման համար:
Կուբան առայժմ միայն կլինիկական փորձարկումներ է անցկացնում, զանգվածային պատվաստումը դեռ չի սկսվել, սակայն սպասվում է, որ կղզու 11 մլն բնակիչների մեծ մասին հնարավոր կլինի պատվաստել մինչեւ 2021 թվականի վերջը:
COVID-19 համաճարակի սկսվելուց հետո Կուբայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 35,7 հազար դեպք, 253 մարդ մահացել է, 30,7 հազար պացիենտ ապաքինվել է: