AusOpen. Նադալն ու Խաչանովը հաղթեցին, Գասպարյանն ու Ազարենկոն լքեցին պայքարը
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Մելբուրնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնությունում:
Առաջին շրջանում հայ մարզիկը 4 սեթում հաղթել է Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Վուկիչին՝ 6:3, 6:7 (4:7), 7:6 (7:2), 6:4: Մրցախաղը տևել է 3 ժամ 6 րոպե: Աշխարհի 20-րդ ռակետ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Ռիչարդաս Բերանկիս (Լիտվա) - Սումիտ Նագալ (Հնդկաստան, WC) զույգի հաղթողը:
Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը 6:3, 6:4, 6:1 հաշվով ուժեղ է գտնվել սերբ Լասլո Ջերեից, իսկ երկրորդ շրջանում կմրցի Մայքլ Մմո (ԱՄՆ) – Վիկտոր Տրոիցկի (Սերբիա) զույգի հաղթողի հետ:
Կանանց մրցաշարում անհաջող է մեկնարկել ռուսաստանի Մարգարիտա Գասպարյանը: Հայ մարզուհին մրցել է աշխարհի 14-րդ ռակետ, իսպանուհի Գաբրինյե Մուգուրուսայի հետ և պարտվել 2 սեթում՝ 4:6, 0:6:
Անակնկալ պարտություն է կրել աշխարհի նախկին առաջին ռակետ Վիկտորյա Ազարենկոն: Բելուռուս թենիսիստուհին 5:7, 4:6 հաշվով պարտվել է 24-ամյա ամերիկուհի Ջեսիկա Պեգուլային և լքել պայքարը: