Փորձագետ. Գազի վերջին թանկացումից հետո ջերմոցներն աշխատում են միայն բանկերի համար
Գազի վերջին գների բարձրացումից հետո ջերմոցները փաստացի աշխատում են միայն բանկերի համար, քանի որ նրանց հաջողվում է մարել միայն վարկերը, որոնք վերցրել էին գազի վճարումների համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Ջերմոցային ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Պողոս Գեւորգյանը: Վարկային բեռը թույլ չի տալիս բիզնեսին օգտվել կառավարության արտոնյալ ծրագրերից: Հատկապես դժվար է մանր գյուղացիական տնտեսություններին:
Ըստ նրա` դրանց մի մասը փակվում է, իսկ որոշներն էլ չեն գնում դրան գոյություն ունեցող պարտավորությունների հետ կապված էլ ավելի մեծ վնասներից խուսափելու համար:
«Եղանակային պայմաններից կախված` ձմռանը ջերմոցային տնտեսությունում արտադրության գնի 50-70 տոկոսը ձեւավորվում է էներգակիրների սակագներից: Որքան ձմեռն ավելի ցուրտ է, այնքան ֆերմերն ավելի շատ գազ է ծախսում, իսկ սակագնի բարձրացումն արտադրանքի գնի համամասն բարձրացման է հանգեցնում: Դա հիմնականում լոլիկն է, վարունգը, ծաղիկները: Մնացած մշակույթներն ընդհանրապես ձեռնտու չէ աճեցնել»,- հավելել է Պողոս Գեւորգյանը:
Իսկ արտադրանքի գինը շուկայում կախված է ներմուծվող ապրանքների ծավալից. որքան այն ավելի մեծ է, այնքան տեղական արտադրողները ստիպված են գինն ավելի շատ իջեցնել:
Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի` գազի սակագինը բարձրացնելու դիմումի շրջանակներում Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2020 թվականի հուլիսի 19-ից որոշում է կայացրել ջերմոցային տնտեսություննեի, պահածոների, խմիչքների եւ կաթնամթերք արտադրողների համար սակագինը բարձրացնել 212-ից 224 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: