Պետականության կորստի ռիսկեր միշտ էլ կան, հավատում ենք՝ մեր ժողովրդի իմաստուն ընթացքով այդ վտանգները կհաղթահարվեն. Գարեգին Բ-ն Եռաբլուրում
Մենք հնարավոր բոլոր ջանքերը գործադրում ենք, որ կարողանանք նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք եկեղեցին Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ քննարկել կամ պատրաստվում է քննարկել գերիների վերադարձի հարցը:
Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է դիմեն Հռոմի պապին, Վեհափառն ասաց՝ քննարկում են այդ հարցը և պատշաճ քայլեր են ձեռնարկում:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում հայոց եկեղեցիների պղծմանը՝ Ամենայն հայոց կաթողիկոսը նշեց, որ եկեղեցին խստագույնս դատապարտում է այդ երևույթները և ջանքեր է գործադրում, որ միջազգային հանրությունը ևս իր դատապարտության խոսքն ասի այդ երևույթների առնչությամբ:
«Այս առումով մենք մեր գնահատանքն ենք արտահայտում ՌԴ իշխանության նաև ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր պետին, մեր հոգևոր եղբորը այն աջակցության, այն զորակցության համար, որ հնարավոր դարձավ, որպեսզի Դադիվանքն այսօր շարունակի իր ծառայությունն ու առաքելությունը»,- ասաց նա:
Հարցին՝ պետականություն կորցնելու վտանգի առաջ կանգնա՞ծ ենք, վեհափառն արձագանքեց. «Աստված մի արասցե: Ռիսկեր միշտ էլ կան, մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի խոհեմ, իմաստուն ընթացքով և հայրենանվեր ջանադիր աշխատանքով նման վտանգները կհաղթահարվեն»:
Վեհափառն այցելել է Եռաբլուր, նրան ուղեկցում էին բարձրաստիճան այլ հոգևորականներ (Տեսանյութ)