Լոնդոնում անցկացվող ծաղիկների ցուցահանդեսն առաջին անգամ հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով
Չելսիում անցկացվող ծաղիկների ամենախոշոր ցուցահանդեսը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է մինչեւ աշուն, հաղորդում է SkyNews-ը:
Միջոցառումը սովորաբար անցկացվում է մայիսին եւ ներկայացնում է գարնանային այգեգործության լավագույն օրինակները: Իսկ այժմ ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 21-ից 26-ը եւ նվիրված կլինի աշնանային բնության գեղեցկությանը:
Կազմակերպիչները հույս են հայտնել, որ մինչ աշուն սանիտարահամաճարակային իրավիճակն աշխարհում կբարելավվի, այդ թվում` պատվաստումների շնորհիվ: Նրանք նաեւ նշում են, որ դիզայներների եւ այգեգործների համար հնարավորություն կլինի աշխատել բույսերի հետ, որոնք մայիսին հասանելի չեն:
108 տարվա ընթացքում ցուցահանդեսն առաջին անգամ է հետաձգվում: Անցյալ տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով ծաղիկների ցուցահանդեսն անցկացվեց առցանց: