Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ողջունել է «Հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին» պայմանագիրը երկարաձգելու՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ողջունել է «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին» պայմանագիրը երկարաձգելու՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, հաղորդում է ТАСС-ը:
«Պայմանագիրը կարևոր ներդրում է ունեցել ռազմավարական կայունության ապահովման, վստահության ու թափանցիկության ապահովման ոլորտում: Աջակցելու ենք պայմանագրի իրագործմանն ու ստուգման հուսալի մեխանիզմի երկարաձգմանը»,- նշված է բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Լոնդոնն աջակցում է պայմանագրի երկարաձգմանն ուղղված ջանքերին ու համարում է, որ այդ պայմանագրին փոխարինող ցանկացած համաձայնություն պետք է հաշվի առնի տեխնոլոգիական ու սպառազինությունների զարգացումը:
Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի միջև կայացած առաջին հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: Քննարկվել են նաև «Բաց երկնքի» պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը, իրանական միջուկային գործարքի պահպանման խնդիրը, ներուկրաինական կարգավորումը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների գագաթնաժողով անցկացնելու մասին ռուսաստանյան առաջարկը: