Կարծում եմ՝ գերիների վերադարձման ծանր գործընթացն առաջիկա մեկ ամսում ավարտին կհասցվի. Հովիկ Աղազարյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այցը Մոսկվա եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում է, և այստեղ մեր առաջին աշխատանքային հանդիպումն է, որը պետք է նվիրված լինի ճանապարհների ապաշրջափակման քննարկմանը, թե որտեղ, ոնց, ինչ պատասխանատվությամբ, ինչ համամասնությամբ և ինչ հեռանկարներով այդ գործընթացը պետք է տեղի ունենա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Առիթից օգտվելով՝ պետք է ասեմ, որ մեր շատ հայրենակիցներ, ընդդիմադիր դաշտի գործընկերներ անհանգստություն ունեն, թե ինչու հայտնի հայտարարության մեջ ռազմագերիների վերադարձի հարցը դեռևս ամբողջությամբ չավարտած՝ մենք անցնում ենք ճանապարհների ապաշրջափակմանը: Բանն այն է, որ վաղվա հանդիպումով չի քննարկվելու այդ գործընթացն ամբողջությամբ: Դա երկարատև պրոցես է, հետևաբար, գերիների վերադարձման ծանր գործընթացը, որը, կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ավարտին կհասցվի, հետևաբար, եկեք չկապենք այս աշխատանքային խմբի գործունեության հետ:
Վերջինիս պնդմամբ՝ եթե անցել են պայմանավորվածությունների 9-րդ կետին, սա դեռ չի նշանակում, որ 8-րդ կետի գործընթացներն ավարտված են: Նա շեշտեց, որ այս աշխատանքային խմբում կարելի է հաջորդ քայլերը պայմանավորել, որպեսզի ռազմագերիների վերադարձը արագացվի: