Ո՛չ «A1+»-ը, ո՛չ «Հ2»-ը չեն զրկվել լիցենզիայից, պարզապես երկուսն էլ հրաժարվել էին 2-րդ հայտով նշել նաև մայրաքաղաքային ծածկույթը. ՀՌՀ նախագահ
Մեզ մոտ պայմանական կար 10 սլոթ, 15 մասնակից և ըստ այդ ցուցակի՝ առաջին 10-ը կարողացել են տեղ գտնել հաճախականությունում: Ո՛չ «A1+»-ը, ո՛չ «Հ2»-ը չեն զրկվել լիցենզիայից, լիցենզիայից զրկվում են միայն այն ալիքները, որոնք չեն հաղթահարել գնահատականների մինիմալ շեմը, պարզապես երկուսն էլ, հնարավորություն ունենալով մասնակցել նաև մայրաքաղաքային սլոթերի բաշխմանը, հրաժարվել էին երկրորդ հայտով նշել նաև մայրաքաղաքային ծածկույթը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը:
Ըստ Հակոբյանի՝ «A1+»-ը և «Հ2»-ը հավաքել էին բավականաչափ միավոր, որ այսօր հեռարձակվեին մայրաքաղաքում: «Հանրապետական ծածկույթի համար «Ա1+»-ի ծրագիրը թույլ էր, բոլոր մեր եզրակացությունները, գնահատման ցուցանիշները բաց են բոլորի համար, և մի շարք հասարակական կազմակերպություններ ցանկություն են հայտնել աուդիտ անցկացնել: Մենք կոչ ենք անում բոլորին գալ և գնահատել, թե ինչքան էր օբյեկտիվ եղել մեր հանձնաժողովը: Հանձնաժողովին մեղադրելուց առաջ այդ երկու հեռուստաալիքները պետք է մտածեին իրենց պատասխանատվության մասին՝ իրենց հեռուստադիտողի նկատմամբ»: