Սան Դիեգոյի կենդանաբանական այգում կորոնավիրուսով վարակված գորիլաները ապաքինվում են
Սան Դիեգոյի կենդանաբանական այգում կորոնավիրուսով վարակված գորիլաները ապաքինվում են, հայտնում է AP-ն` նշելով, որ սա համարվում է ԱՄՆ-ում նման կաթնասունների շրջանում առաջին հայտնի դեպքը:
Safari Park-ի գործադիր տնօրեն Լիզա Պետերսոնն ասել է, որ ութ արեւմտյան գորիլաները, ամենայն հավանականությամբ, վարակվել են կենդանաբանական այգու պահապանից, ով հունվարի սկզբին ունեցել է COVID-19:
Այդ ժամանակվանից անասնաբույժներն ուշադիր հետեւում են գորիլաներին, որպեսզի համոզվեն, որ նրանք նորմալ են սնվում եւ կկարողանան ինքնուրույն ապաքինվել: Սան Դիեգոյից հյուսիս գտնվող այգին փակ է հանրության համար՝ համավարակի դեմ պայքարի Կալիֆոռնիայի ջանքերի շրջանակներում:
Պաշտոնյաները ստուգել են գորիլաների կղանքը այն բանից հետո, երբ հունվարի 6-ին երկու կապիկները սկսել են հազալ: Դրական թեստի արդյունքները երեք գորիլաների մոտ հաստատվել են ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ծառայությունների լաբորատորիաների կողմից:
Պետերսոնն ասել է, որ որոշ գորիլաներ կստանան COVID-19-ի դեմ պատվաստանյութ, որը չի կարելի օգտագործել մարդկանց համար: «Հույսն կա, որ մենք կկարողանանք պատվաստել վայրի կենդանիներին, որոնք ենթակա են հիվանդությունների եւ կանխել նրանց վարակումը»,- ասել է նա: