«Իսրայելը Բայդենին պիտի համոզի, որ Իրանի հետ միջուկային գործարքին վերադարձն ահռելի սխալ է լինելու»․ Ստանիսլավ Տարասով
Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Իսրայելի իր պաշտոնակից Մեիր Բեն-Շաբբատի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության ամրապնդման հեռանկարները: Դրա հետ մեկտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ հարցի շուրջ երկխոսությունը կշարունակվի «առաջիկա ամիսներին՝ հիմնվելով ԱՄԷ-ի, Բահրեյնի, Սուդանի և Մարոկկոյի հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրերի հաջողության վրա, ինչպես նաև կքննարկվի Իրանի թեման», Regnum-ում հրապարակված հոդվածում գրում է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։
Ինչպես նշում է վերլուծաբանը, իսրայելական 12-րդ ալիքն օրերս նաև հայտնել է, որ փետրվարին «Մոսադ» հետախուզական ծառայության ղեկավար Յոսի Քոենն այցելելու է Վաշինգտոն։ Ըստ հաղորդման՝ նա Բայդենի հետ կհանդիպի իրանի միջուկային «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը քննարկելու և այդ բազմակողմ համաձայնագրի ցանկացած վերանայման վերաբերյալ հրեական պետության ակնկալիքները հայտնելու համար»։
Իսրայելում, իհարկե, հասկանում են, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան քաղաքականության մեջ որոշակի ճշգրտումներ են սպասվում։ Բայց ի՞նչ ճշգրտումների մասին է խոսքը։ Հազիվ թե Բայդենը չեղյալ հայտարարի ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու կամ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին որոշումները, թեև նոր նախագահի խորհրդականները իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծումը տեսնում են երկու պետությունների ստեղծմամբ։
Թրամփի «Դարի գործարքը» թեև ներառում էր այդ հայեցակարգը, սակայն խիստ տարբերվում էր նախորդ ամերիկյան առաջնորդների՝ հակամարտության լուծման տեսլականներից։ Խոսքը ոչ թե 1967 թվականի Իսրայելի սահմաններով տարածքի բաժանման մասին էր, այլ այնպիսի սխեմայի, որը թույլ կտար Իսրայելին բռնակցել Արևմտյան ափի խոշոր հատվածները:
Սակայն Իսրայելում մտավախություն ունեն, որ Բայդենը կվերադառնա իսրայելա-պաղեստինյան հակամարտության նկատմամբ ավելի անկողմնակալ մոտեցման, որը բնորոշ էր նաև Օբամայի վարչակազմին։ Ինչ վերաբերում է Իսրայելի և որոշ արաբական երկրների միջև կնքված համաձայնագրերին, ապա, իսրայելցի փորձագետների գնահատմամբ, դրանք «այնքան էլ կայուն չեն»: Իսրայելի համար այժմ գլխավորն Իրանի միջուկային գործարքն է․ նա մտադիր է ԱՄՆ-ին թույլ չտալ ընթանալ Օբամայի վարչակազմի ծրագրած ճանապարհով, ինչին ժամանակին կատաղի դիմադրում էր Իսրայելը, նշում է վերլուծաբանը։
Տարասովը հիշեցնում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ պատմական միջուկային համաձայնագրով Օբաման նպատակ ուներ Թեհրանին ստիպել հրաժարվել միջուկային զենքի ստեղծումից և դրա դիմաց չեղարկել պատժամիջոցները և նրան աստիճանաբար դուրս բերել տարածաշրջանային խոշոր տերության մակարդակ, որը կարող էր դիմակայել Թուրքիայի ուժեղացող ազդեցությանը։ Այժմ Իսրայելին անհրաժեշտ է համոզել ԱՄՆ-ին, որ Օբաման «ահռելիի սխալ» է թույլ տվել։ Ինչպես այդ կապակցությամբ գրում է իսրայելական The Jerusalem Post պարբերականը, «անհրաժեշտ է փարատել առասպելն այն մասին, որ «Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռանկյունին կործանման է դատապարտված այն պատճառով, որ պատմականորեն օսմանյան, պարսկական և ռուսական կայսրությունների նպատակները տարբերվում էին»։
Նյու Յորքում Իսրայելի նախկին հյուպատոս Դանի Դայանը նշում է, որ Իսրայելին հեշտ չի լինի հրաժեշտ տալ Թրամփին՝ «Իսրայելի պետության համար դիվանագիտական հրաշքին»: Բայց այդ ժամանակաշրջանն ավարտվել է և Բայդենի վարչակազմում քիչ չեն նրանք, ովքեր անձամբ մասնակից են եղել Իրանի հետ միջուկային համաձայնագրի նախապատրաստմանն ու ստորագրմանը։
Դայանի խոսքով՝ Բայդենի կուսակցությունում կոնսենսուս կա գործարքին վերադառնալու անհրաժեշտության մասին, և Իսրայելը պետք է «հանգիստ, կուլիսային բանակցություններ վարի՝ ԱՄՆ-ին համոզելով չվերադառնալ դրան իր ներկայիս տեսքով, այլ այնպես անել, որ համաձայնագրում նշվի՝ ինչ է լինելու տասը տարի անց»։